Նորություններ

Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՄՄ տարածաշրջանային զարգացման համաժողովին (ITU Regional Development Forum 2026)

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը մասնակցել է Հեռահաղորդակցության միջազգային միության Տարածաշրջանային զարգացման համաժողով 2026-ին (ITU Regional Development Forum 2026), որը սեպտեմբերի 29–30-ը անցկացվեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։


Համաժողովի շրջանակում Քրիստինե Գյոնջյանը մասնակցել է երեք պանելային քննարկման՝ երկու նիստերում հանդես գալով որպես բանախոս, իսկ մեկում՝ որպես մոդերատոր։

Պարտավորություններից դեպի գործընկերություն․ թվային փոխակերպման արագացումը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում (From Commitments to Partnerships: Accelerating Digital Transformation in LLDCs) Քրիստինե Գյոնջյանն իր ելույթում անդրադարձել է դեպի ծով ելք չունեցող երկրներում, հատկապես խոշոր քաղաքներից դուրս, բարձր թողունակությամբ կապի ընդլայնման և մասնավոր ներդրումների հիմնական խոչընդոտներին։

Իր ելույթում նա առանձնացրեց երեք հիմնական մարտահրավեր՝ ներդրումների ֆինանսական կայունությունը, ենթակառուցվածքների կառուցման բարձր արժեքը, ինչպես նաև աշխարհագրական և կլիմայական պայմանները։ 

Միաժամանակ, նա ընդգծել է, որ խնդիրը միայն ծածկույթն ընդլայնելը և բարձր արագությամբ ինտերնետ ապահովելը չէ, այլ հասանելիությունը իրական օգտագործման վերածելը։

Քրիստինե Գյոնջյանը ներկայացրել է նաև Հայաստանի փորձը՝ ներառյալ «Համայնքային ցանցեր» նախաձեռնությունը, որի շրջանակում լաբնաշերտ ինտերնետ կապ է տրամադրվել յոթ հեռավոր գյուղական համայնքներում՝ նպաստելով  թվային հմտությունների, ձեռներեցության և առցանց անվտանգության զարգացմանը։

Երկրների և տարածաշրջանային կարիքների համապատասխանեցում շահագրգիռ կողմերի հետաքրքրություններին՝ ԱՊՀ տարածաշրջանում թվային զարգացմանն աջակցելու համար (Matching Country and Regional Needs with Stakeholders’ Interests to Support Digital Development across the CIS Region) Քրիստինե Գյոնջյանը մասնակցել է նաև Partner2Connect (P2C) նախաձեռնության գործընկերային կլոր սեղան քննարկմանը։

Նա նշել է, որ Partner2Connect-ը ոչ միայն պարտավորությունների ներկայացման հարթակ է, այլև հնարավորություն՝ դրանք վերածելու իրական նախագծերի և շոշափելի արդյունքների՝ ներկայացնելով Հայաստանի օպերատորների միության փորձը տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

Նա ընդգծել է գործընկերությունների վերածումը կոնկրետ գործողությունների և երկարաժամկետ արդյունքների կարևորությունը՝ պետական, մասնավոր և միջազգային գործընկերների համատեղ ջանքերի միջոցով։ Հենց այսպիսի համագործակցությունն է հնարավորություն տալիս ձևավորել կայուն լուծումներ և թվային զարգացման արդյունքները հասցնել մարդկանց ու համայնքներին։

Թվային փոխակերպմանը նպաստող միջոցառումներ․ քաղաքականության և կարգավորող միջավայր և կիբերանվտանգություն (Measures to Enable Digital Transformation: Policy and Regulatory Environment and Cybersecurity) Տարածաշրջանային CIS3 և CIS4 նախաձեռնությունների շրջանակում Քրիստինե Գյոնջյանը հանդես է եկել որպես պանելային քննարկման մոդերատոր։

Քննարկման առանցքում էին թվային փոխակերպման համար բարենպաստ քաղաքական և կարգավորող միջավայրի ձևավորումը, կիբերանվտանգությունը, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ապահովումը, կիբեր սպառնալիքների և խարդախությունների դեմ պայքարը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների պատասխանատու ներդրումը։

Քննարկման ընթացքում շեշտվել է, որ արդյունավետ կարգավորող միջավայրը պետք է զուգակցվի վստահության և անվտանգության ապահովման մեխանիզմների հետ, իսկ կիբերանվտանգության միջոցառումները պետք է ունենան համապատասխան քաղաքական և կարգավորող հիմք։

Մոդերատորի դերում Քրիստինե Գյոնջյանը քննարկումը ուղղորդել է ոչ միայն ձեռքբերումների և ընթացիկ նախաձեռնությունների, այլև տարածաշրջանային համագործակցության, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման գործնական հնարավորությունների շուրջ։

ITU Regional Development Forum 2026-ը կարևոր հարթակ էր Հայաստանի օպերատորների միության փորձն ու իրականացվող նախագծերը միջազգային մակարդակում ներկայացնելու, ոլորտի խնդիրները բարձրաձայնելու և թվային զարգացմանն ուղղված նոր գործընկերությունների ձևավորման համար։

Հայաստանի օպերատորների միությունը շարունակում է ակտիվորեն ներկայացնել Հայաստանի օպերատորների միության անդամների շահերը միջազգային հարթակներում և նպաստել նոր համագործակցությունների ու նախաձեռնությունների ձևավորմանը։





Լուսանկարներ

Սեղմեք լուսանկարի վրա՝ մեծացնելու համար