Նորություններ
Girls in ICT Day 2026 | Աղջիկները ՏՀՏ-ում (20.04.2026)
Ապրիլի 16-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում կայացավ «Աղջիկները ՏՀՏ-ում» միջոցառումը, որը կազմակերպվել էր Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Հայաստանի օպերատորների միության և միջոցառման բիզնես գործընկեր ԷֆՆեթ ընկերության կողմից՝ «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրվա շրջանակում, որն այս տարի նշվում է ապրիլի 23-ին։ Միջոցառումն անցկացվեց 2026 թվականի գլոբալ թեմայի՝ «Արհեստական բանականություն հանուն զարգացման․ աղջիկները ձևավորում են թվային ապագան» խորագրի ներքո։

Միջոցառումը համախմբեց ուսանողներին, ոլորտի մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին՝ ստեղծելով ինտերակտիվ և ոգեշնչող միջավայր։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՏՀՏ ոլորտի հնարավորություններին, լսելու հաջողակ կանանց փորձը և մասնակցելու քննարկումների ու դեբատի։

Միջոցառման կարևոր բաղադրիչներն էին՝

• կին մասնագետների հետ թեթև զրույցը՝ որպես ՏՀՏ ոլորտում իրենց անցած ճանապարհի մասին,
• միջհամալսարանական դեբատը՝ «Արհեստական բանականություն՝ հնարավորություն թե սպառնալիք» թեմայով,
• ակտիվ քննարկումները և փորձի փոխանակումը։

Դեբատին մասնակցում էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի Եվրոպական համալսարանի աղջիկների թիմերը։ Դեբատի արդյունքում լավագույն արդյունքը գրանցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների թիմը՝ ներկայացնելով հետաքրքիր և հիմնավորված դիրքորոշում։

ԷֆՆեթ ընկերության կողմից հաղթող թիմին տրամադրվեցին մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության շնորհակալագրեր։ Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց աղջիկների և կանանց կարևոր դերը տեխնոլոգիական ոլորտում և նպաստեց նոր համագործակցությունների և գաղափարների ձևավորմանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և գործընկերներին ակտիվ ներգրավվածության և արժեքավոր մասնակցության համար։