«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում մարտի 26-ին տեղի ունեցավ «Երեխաների առցանց անվտանգությունը․ պետության և հեռահաղորդակցության օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեռահաղորդակցության օպերատորների բարձրաստիճան ղեկավարներ, ոլորտի փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր։
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև հեռահաղորդակցության օպերատորների՝ որպես պետության կարևոր գործընկերների առանցքային դերը՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման գործում։ Ընդգծվեց միջազգային լավագույն փորձի կիրառման, ինչպես նաև առաջատար թվային հարթակների հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանում արդեն իսկ առկա գործիքներն ու լուծումները հասանելի դարձնելու նպատակով։
Մասնակիցները կարևորեցին պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ երեխաների առցանց անվտանգության ապահովման արդյունավետ և համապարփակ լուծումներ ձևավորելու համար։ Կլոր սեղան-քննարկումն ամփոփվեց հիմնական եզրահանգումների ներկայացմամբ և երեխաների առցանց անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերի ու առաջնահերթությունների նախանշմամբ։