Միջոցառման հիմնական թեմաներն էին արհեստական բանականությունը, օպերատորների գործունեությունը և երեխաների առցանց անվտանգությունը։ Մասնակիցների թվում էին հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների և հեռահաղորդակցության օպերատորների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառումը ստեղծեց արդյունավետ հարթակ ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները քննարկելու, ինչպես նաև գործնական փորձի և մասնագիտական կարծիքների փոխանակման համար։
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հեռահաղորդակցության ոլորտում կայուն զարգացումը անհնար է առանց պետական կառույցների, բիզնեսի և միջազգային գործընկերների միջև սերտ համագործակցության։ Այսօր մենք կառուցում ենք ոչ միայն ենթակառուցվածքներ, այլև երկրի թվային ապագայի հիմքը՝ անվտանգ, ներառական և նորարարության ուղղությամբ կենտրոնացած։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երեխաների առցանց անվտանգությանը. սա մեր համատեղ պատասխանատվությունն է։ Երիտասարդ սերնդի պաշտպանությունը թվային միջավայրում պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական լուծումներ, այլև համակարգված աշխատանք կրթության, կարգավորման և թվային գրագիտության ոլորտներում։ Կարևոր է, որ հարթակը միավորի մասնագիտական համայնքին կոնկրետ լուծումների և ապագայի համար համատեղ քայլերի շուրջ», - նշեց Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Միջոցառման ծրագիրը ներառում էր պաշտոնական բացման արարողություն, պանելային քննարկումներ, փորձագետների մասնակցությամբ աշխատաժողովներ և կլոր սեղաններ՝ նվիրված հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացմանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, կարգավորող և կիբերանվտանգության հարցերին, ինչպես նաև թվային տնտեսության համար անձնակազմի վերապատրաստմանը։
Հատուկ ուշադրություն դարձվեց հաջորդ սերնդի ցանցերի զարգացմանը, պետական և մասնավոր ծառայությունների թվային վերափոխմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Մասնակիցները նշեցին Հայաստանում կայուն և մրցունակ թվային էկոհամակարգ ստեղծելու ջանքերի համախմբման կարևորությունը։
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ծառայեց որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման, նոր գործընկերություններ հաստատելու և ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական լուծումներ մշակելու համար։ Քննարկումներից հետո նախանշվեցին հետագա համագործակցության հնարավորությունները և ապագա նախաձեռնությունների հիմնական ոլորտները։ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանի բարձր ներուժը՝ որպես հեռահաղորդակցության ոլորտում տեխնոլոգիական նախաձեռնությունների և երկխոսության տարածաշրջանային կենտրոն։
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում մարտի 26֊ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ կայացավ «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կապի օպերատորների առանցքային դերին՝ որպես պետության գործընկերների, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման գործընթացում։ Միջոցառումներն ամփոփվեցին Ակադեմիական օրվա շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության» ֆակուլտետի ուսանողների` «Օվիո» ընկերության տվյալների մշակման կենտրոն այցելությամբ։ Շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին տվյալների մշակման կենտրոնի ինժեներական լուծումները, տվյալների պահպանման, անվտանգության ապահովման և համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպման մեխանիզմները, ինչպես նաև կենտրոնում մատուցվող ծառայությունները՝ ներառյալ ամպային լուծումները։
Այցելություն եղավ նաև ոլորտային ենթակառուցվածքներին ծանոթացման նպատակով տեղի ունեցավ այցելություն Հեռահաղորդակցության
հանրապետական կենտրոն, որին մանակցել են միջազգային, պետական ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ։
Հովանավորներ` Ոսկե հովանավորներ՝ «Ինորեյն» ՍՊԸ, «Արփինետ» ընկերություն: Արծաթե հովանավորներ «Էֆ-Նեթ» ՍՊԸ, «Նովենթիք» ՍՊԸ: Միջոցառման մեդիա հովանավոր՝ Նուռ ԹիՎի: