Երեխաների առցանց անվտանգություն․ համագործակցություն և կրթական ռեսուրսներ
Ապրիլի 15-ին Երևանում կայացավ Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ/ITU), ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության համատեղ աշխատարանը՝ նվիրված երեխաների առցանց անվտանգությանը։
Միջոցառումը համախմբեց պետական, մասնավոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ ձևավորելով կարևոր երկխոսության և համագործակցության հարթակ։
Աշխատարանի ընթացքում ներկայացվեցին ՀՄՄ-ի կրթական ռեսուրսները և լավագույն փորձը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկումների շրջանակում առանձնահատուկ ընդգծվեց բազմաշահառու համագործակցության կարևորությունը՝ որպես երեխաների առցանց պաշտպանության արդյունավետ ապահովման առանցքային նախապայման։
Աշխատարանը նպաստեց փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և համատեղ գործողությունների ուղղությունների նախանշմանը՝ միտված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ոլորտի շարունակական զարգացմանը։










