Մարտի 23֊27֊ն անցկացվող Հեռահաղորդակցության շաբաթ 2026֊ը ոլորտային միջոցառումների շարք է, որը կազմակերպվել է Հայաստանի օպերատորների միության կողմից` ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կարգախոսն է` «Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար»։
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ներառում է՝
- Հեռահաղորդակցության շաբաթվա պաշտոնական բացման արարողություն
- Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով. Արհեստական բանականությունը թվային աճի համար թեմայով
- Հեռահաղորդակցության միջազգային միության սեմինար ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ
- Կլոր սեղան քննարկում տեսալսողական մեդիայի արդի զարգացումների եւ մարտահրավերների շուրջ
- Կլոր սեղան քննարկում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ
- Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետ ծանոթության օր
- Ակադեմիական օր
Ողջույնի ելույթներով հանդես եկան`
- Գևորգ Մելիքսեթյան, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ
- Սեդա Շահինյան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
- Նատալիա Մոչու, Հեռահաղորդակցության Միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն (առցանց)
- Քրիստինե Գյոնջյան, Հայաստանի օպերատորների միություն, տնօրեն
Միջոցառման հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը՝ ընդգծելով պետության աջակցությունը հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու թվային փոխակերպումների գործընթացներին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այս նախաձեռնությունը պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության վառ ապացույցն է: Նա կարևորել է նման հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս համախմբել ոլորտի դերակատարներին, ամփոփել արձանագրված հաջողություններն ու նախանշել տեխնոլոգիական զարգացման համատեղ առաջնահերթությունները։ Գևորգ Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես՝ Հայաստանի օպերատորների միությանը, միջազգային գործընկեր Հեռահաղորդակցության միջազգային միությանը, ինչպես նաև բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք նպաստել են նախաձեռնության իրականացմանը։
«Հայաստանը վերջին տարիներին կարևոր առաջընթաց է գրանցել հեռահաղորդակցության ոլորտում՝ ենթակառուցվածքների զարգացման, մրցակցային միջավայրի ձևավորման և թվային ծառայությունների ընդլայնման ուղղությամբ։ Այս հաջողությունները հնարավոր են դարձել պետության, կարգավորող մարմինների, օպերատորների և տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության շնորհիվ։ Հավատարիմ մնալով Հայաստանի օպերատորների միության առաքելությանը` մենք նպաստում ենք այս համագործակցության զարգացմանը։ Այսօր և առաջիկա 4 օրերին մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ տարբեր դերակատարներ կարող են հանդիպել, քննարկել, փոխանակվել փորձով և միասին ձևավորել ոլորտի ապագան», - նշեց Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է թվային տնտեսության հիմքային ուղղություններից մեկը՝ ապահովելով արհեստական բանականության, ամպային լուծումների և տվյալների կառավարման զարգացումը։ Հայաստանում արձանագրվել են էական առաջընթացներ՝ 4G և 5G ծածկույթների, ինչպես նաև օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների լայն հասանելիության ապահովման ուղղությամբ։ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը կարևոր հարթակ է ոլորտի բոլոր շահառուների համախմբման, փորձի փոխանակման և ապագա զարգացման ռազմավարությունների ձևավորման համար», - իր ելույթում նշեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։
«Երևանում կայանալիք Հեռահաղորդակցության շաբաթը եզակի հարթակ է՝ համապարփակ թվային էկոհամակարգի ձևավորման համար, որտեղ արդյունավետ հաղորդակցությունը կծառայի որպես ապագայի խելացի ծառայությունների հիմք։ Ուշադրության կենտրոնում են թվային վերափոխման առանցքային հարցերը, որոնցից մարտի 24֊ին կայանալիք մասնագիտացված ֆորումի ընթացքում կքննարկենք արհեստական բանականության դերը տնտեսության աճի խթանման գործում, ապա մարտի 25֊ին կայանալիք սեմինարի ընթացքում կներկայացվեն առաջադեմ կարգավորող մարմինների կողմից մշակված քաղաքականությունները 5G տեխնոլոգիայի ներդրման և ցանցերի արդիականացման ուղղությամբ։ Լիահույս ենք, որ նման երկխոսության շրջանակում ձևավորված պետական քաղաքականության, ոլորտային կարգավորման և մասնավոր ներդրումների սիներգիան կստեղծի անհրաժեշտ պայմաններ Հայաստանի կայուն թվային զարգացման համար», - նշեց Հեռահաղորդակցության Միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Նատալիա Մոչուն։
Միջազգային գործընկեր` Հեռահաղորդակցության միջազգային միություն (ITU): Հովանավորներ` Միջոցառման ոսկե հովանավորներ՝ «Ինորեյն» ՍՊԸ, «Արփինետ» ընկերություն: Արծաթե հովանավոր «Էֆ-Նեթ» ՍՊԸ, «Նովենթիք» ՍՊԸ: Միջոցառման մեդիա հովանավոր՝ Նուռ ԹիՎի:



