Նորություններ
Քրիստինե Գյոնջյանը որպես խոսնակ մասնակցել է Ֆիլիպիններում անցկացվող Համայնքակենտրոն կապի միջազգային ճամբարին (17.08.2026)

Միջազգային հնգօրյա Bootcamp-ը միավորել էր տարբեր երկրների ներկայացուցիչների՝ հեռահաղորդակցության, թվային զարգացման, սոցիալական ձեռներեցության, հանրային քաղաքականության և համայնքային զարգացման ոլորտներից։

Քրիստինե Գյոնջյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է Հայաստանում իրականացվող Համայնքային ցանցերի զարգացման ծրագրի փորձը, մասնավորապես՝ գյուղական համայնքներում կապի հասանելիության ընդլայնման, թվային հմտությունների զարգացման և համայնքների կարողությունների ձևավորման ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում Արարատի մարզի 7 գյուղական համայնքներում կառուցվել է ավելի քան 39 կմ լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածք՝ կապ ապահովելով շուրջ 1,000 տնային տնտեսությունների, դպրոցների և մշակութային կենտրոնների համար։

Բացի Հայաստանի փորձի ներկայացումից, Քրիստինե Գյոնջյանը որպես խոսնակ մասնակցել է նաև «Սոցիալական ձեռնարկատիրության նախագծում՝ Բիզնես մոդել կանվասի (Business Model Canvas) կիրառմամբ» քննարկմանը` հանդես գալով «Ինչպես ներկայացնել սոցիալական ձեռնարկատիրությունը` աջակցություն և ռեսուրսներ ներգրավելու և հաճախորդներ գտնելու համար» թեման։

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են, թե ինչպես արդյունավետ ներկայացնել սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը, ձևակերպել դրա արժեքի առաջարկը և սոցիալական ազդեցությունը՝ աջակիցներ, ռեսուրսներ և հաճախորդներ ներգրավելու նպատակով։

CCC Bootcamp-ը հնարավորություն է տվել ներկայացնել Հայաստանի փորձը միջազգային մասնագիտական հարթակում, փոխանակվել գործնական գիտելիքներով և ուսումնասիրել համայնքակենտրոն կապի ու սոցիալական ձեռներեցության զարգացման նոր մոտեցումներ։

Հայաստանի օպերատորների միության մասնակցությունը նման նախաձեռնություններին նպաստում է միջազգային համագործակցության ընդլայնմանը և Հայաստանում թվային հասանելիության ու համայնքների թվային ներուժի զարգացման նոր հնարավորությունների ուսումնասիրմանը։

Bootcamp-ը միավորել էր 15 երկրից 50 մասնակիցների՝ հեռահաղորդակցության, թվային զարգացման, սոցիալական ձեռներեցության, հանրային քաղաքականության և համայնքային զարգացման ոլորտներից։ Մասնակիցները ներկայացնում էին Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդը, Հնդկաստանը, Նեպալը, Պակիստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Հայաստանը և Նոր Զելանդիան, ինչպես նաև Իսպանիան, Մեքսիկան և Բրազիլիան։ 

Նախաձեռնությունն իրականացվել է ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ Internet Society-ի, Association for Progressive Communications (APC)-ի, Institute for Social Entrepreneurship in Asia (ISEA)-ի և այլ գործընկեր կառույցների աջակցությամբ։