Փետրվարի 13-ին Հայաստանի օպերատորների միության, ՀՀ ԲՏԱ նախարարության և Հեռահաղորդակցության միջազգային միության համատեղ ջանքերով անցկացվեց «Առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Կլոր սեղան քննարկումը նախատեսված էր երեխաների աչքերով առցանց անվտանգությունն ապահովելու տեսլականի բացահայտմանը և ճանապարհային քարտեզի պատրաստմանը։
Հանդիպմանը մասնակցեցին 10-16 տարեկան 20 աշակերտներ Երևանի և մարզերի տարբեր դպրոցներից, ովքեր հնարավորություն ստացան բարձրաձայնելու առկա խնդիրները և առաջարկել լուծումներ՝ ներկայացնելով իրենց պատկերացումներն առցանց անվտանգության ապահովման հարցում, ինչպես նար ծնողների, դպրոցի և պետության դերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին մասնակիցները ամբողջականացրին և ստորագրեցին խորհրդանշական դեկլարացիան` ուղղված Կառավարությանը:
Այն ներառում է աշակերտների կողմից ներկայացված հետևյալ առաջարկները.
- Ամենամսյա դասընթացներ դպրոցներում` երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ,
- Թեժ գիծ կամ կայք առցանց հանդիպող խնդիրները պատկան մարմիններին ներկայացնելու համարб
- Դասընթացներ ծնողների և ուսուցիչների համար,
- Որոշ կայքերի (այդ թվում` սոցիալական) և տելեգրամյան ալիքների վերահսկողություն/արգելափակում,
- Իրական կյանքում անվճար ժամանցի հնարավորությունների ստեղծում` հեռախոսի սահմանափակմամբ,
- Կիբեռանվտանգության ուղղվածությամբ ճամբարների ստեղծում,
- Ծնողական սահմանափակ վերահսկողության գործիքների ստեղծում,
- Խորացնել համագործակցությունը միջազգային սոց. ցանցերի և բովանդակություն ստեղծող հարթակների հետ,
- Ուսուցողական բովանդակության ստեղծում Պետության կողմից։
«Անչափ կարևորում ենք երեխաների առցանց անվտանգությունը, քանի որ այս պահին առցանց ոլորտը չափազանց արագ է զարգանում, որի հետ մեկտեղ ավելանում են վտանգները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ձևավորել վարքագիծ թե՛ երեխաների, թե՛ ծնողների և թե՛ ուսուցիչների շրջանում: Հայաստանի օպերատորների միության կողմից Հայաստանի տարբեր դպրոցների 10-14 տարեկան 7800 երեխաների շրջանում վերջերս իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ երեխաների մեծամասնությունը օրական 1-5 ժամ անցկացնում է համացանցում: Եթե ուզում ենք ապահովել երեխաների անվտանգությունը, ապա այստեղ պետք է լինի բազմակողմանի մոտեցում՝ պետություն, ծնող, ուսուցիչներ և, իհարկե, երեխաներ: Հենց այդ պատճառով այս կլոր-սեղան քննարկամնը ներգրավեցինք երեխաներին, որպեսզի լսենք նաև նրանց խոսքը: Երեխաները շատ հաճախ ավելի շատ բան են նկատում, քան մեծերը և կարող են հետաքրքիր խորհուրդներ տալ: Կարծում եմ, որ երեխաների առցանց անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր երկիր պետք է ունենա որոշակի ռազմավարություն և օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի կարողանա արագ արձագանքել այդ վտանգներին»,- ասաց Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը: