Նորություններ
Երևանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը (20.03.2026)

2026 թվականի մարտի 23-27-ը Երևանում կանցկացվի հեռահաղորդակցության ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը կմիավորի հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ոլորտի փորձագետներին։


Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը՝ հավելելով, որ միջոցառումը կանցկացվի գերատեսչության աջակցությամբ։


«Սա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության հերթական լավ օրինակն է, որն իր մեջ միավորում է մասնավոր և պետական մասնակիցների աշխատանքը։ Միջոցառումը նախարարությանը հնարավորություն է տալիս, որպես քաղաքականություն մշակող մարմին, ուղղակի երկխոսություն ունենալ մասնավոր հատվածի հետ, որի արդյունքում կարող են լուծվել շատ հարցեր կապված ոլորտային մարտահրավերների հետ»,-ասաց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ  միջոցառման հիմնական հանդիպումներն ու աշխատանքները կնպաստեն նոր կազմակերպությունների և համագործակցության ստեղծմանը։

Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանի խոսքով՝ առաջին անգամ անցկացվելիք «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը հարթակ է, որտեղ ձևավորվում են ոլորտի ապագային միտված գաղափարներ ու համագործակցություններ։

«Այսօր կապն այլևս չի հանդիսանում պարզապես տեխնոլոգիա, այլ տնտեսության կառավարման և հասարակության զարգացման հիմքն է։ Հենց այս գաղափարի շուրջ էլ ձևավորվել է մեր կարգախոսը՝ «Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար»։ Այսինքն՝ միասնաբար ստեղծենք ավելի լավ կապ և թվային ապագա»,-ասաց Օպերատորների միության գործադիր տնօրենը։

Նա մանրամասնեց, որ «Անի պլազա» հյուրանոցում մարտի 23-ի պաշտոնական բացմանը կհաջորդեն մի շարք կարևոր միջոցառումներ, մասնավորապես՝ մարտի 24-ին հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով՝ նվիրված արհեստական բանականությանը, իսկ հաջորդ օրերին Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ՏՀՏ կարգավորման հարցերին նվիրված սեմինար, կլոր սեղան քննարկում՝ տեսալսողական մեդիայի արդի զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ։

Մարտի 26-ի քննարկումը նվիրված կլինի երեխաների առցանց անվտանգությանը: Այն կմիավորի հեռահաղորդակցության ընկերություններին, կարգավորող և կրթական կառույցներին, ինչպես նաև ոլորտի փորձագետներին՝ քննարկելու երեխաների առցանց անվտանգության ռիսկերը և դրանց նվազեցման համատեղ մոտեցումները։

Արդեն մարտի 27-ին նախատեսված է ակադեմիական օր, որի շրջանակներում փորձ է արվելու հետաքրքրություն առաջացնել երիտասարդության մոտ և նրանց ներգրավել հեռահաղորդակցության ոլորտում։

«Հեռահաղորդակցության շաբաթը» նպատակ ունի ձևավորել համագործակցության և մասնագիտական երկխոսության հարթակ՝ քննարկելու հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարական լուծումները և թվային ենթակառուցվածքների ապագան։

Միջոցառումը միտված է խթանելու հիմնական դերակատարների միջև ոլորտային համագործակցությունը, փորձի փոխանակումը և նոր գործընկերությունների ձևավորումը՝ նպաստելով Հայաստանի թվային ենթակառուցվածքների և հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացմանը։


Միջոցառումների ծրագրին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ www.telecomweek.am


«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը կազմակերպվում է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միջազգային գործընկեր` Հեռահաղորդակցության միջազգային միություն (ITU): Հովանավորներ` Միջոցառման ոսկե հովանավորներ՝ «Ինորեյն» ՍՊԸ, «Արփինետ» ընկերություն: Արծաթե հովանավոր «Էֆ-Նեթ» ՍՊԸ, «Նովենթիք» ՍՊԸ:  Միջոցառման մեդիա հովանավոր՝ Նուռ ԹիՎի:


Ասուլիսի վերաբերյալ Արմենպրեսսի անդրադարձին կարող եք ծանոթանալ ստորև հղումով՝ armenpress.am