Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանի օպերատորների միության, Հեռահաղորդակցության միջազգային միության, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Startup Central Eurasia-ի համատեղ ջանքերով անցկացվեց «Ինչպես ստեղծել ձեր սեփական ստարտափը՝ գաղափարից մինչև ներդրումներ ներգրավելը» խորագրով գաղափարատոնը։
Երկօրյա միջոցառման ընթացքում փորձառու մենթորների աջակցությամբ ուսանողները ձեռք բերեցին հմտություններ ստարտափ գաղափարների, բիզնես մոդելների մշակման, գաղափարների գեներացման, թիմային աշխատանքների իրականացման վերաբերյալ, անցկացրին վերապատրաստումներ և խորհրդատվություն, ինչը մասնակիցներին օգնեց վերջնական տեսքի բերելու իրենց ստարտափ գաղափարները։
Արդյունքում ձևավորվեց 8 թիմ, որոնք իրենց նորարարական ստարտափ գաղափարները հանձնեցին ժյուրիի դատին։ Ժյուրիի կազմում էին Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, Future Laboratory ընկերության գործադիր տնօրեն Մեդեա Ջանջղավան, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Լուսինե Դանիելյանը և ՀՊՏՀ Շարունակական կրթության բաժնի ղեկավար Գրիշա Ամիրխանյանը։
«Եվս մեկ շատ կարևոր նախագիծ իրականություն դարձավ։ Այս գաղափարատոնի շնորհիվ ուսանողները հնարավորություն ստացան փորձառու մասնագետների աջակցությամբ առավել մանրամասն ծանոթանալ ստարտափի՝ գաղափարից բիզնես իրականացման ընթացքին, նոր դարաշրջանի աշխատանքային միջավայրի պահանջներին և նոր տեխնոլոգիաներին։ Վստահ ենք հաղթող թիմերը նույն ոգևորությամբ առաջ կտանեն իրենց նորաստեղծ գաղափարները, և առաջիկայում ականատեսը կլինենք շուկայում հաջողությամբ գործող բիզնեսների»,- նշեց Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Գաղափարատոնի հաղթողներ ճանաչվեցին․
1-ին հորիզոնական - Case Crafters թիմը՝ ստանալով 500$ դրամական պարգև
2-րդ հորիզոնական - ReEducate թիմը՝ ստանալով 400$ դրամական պարգև
3-րդ հորիզոնական - TintTub և NearEd թիմերը՝ կիսելով 300$ դրամական պարգևը
Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։