Նորություններ
ՔՐԻՍՏԻՆԵ ԳՅՈՆՋՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀՄՄ ԵԱՊ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 19-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ (11.10.2023)
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ձևավորված և Երեխաների առցանց պաշտպանության ուղղությամբ աշխատող աշխատանքային խմբի 19-րդ հանդիպումը։ 

Բարձր մակարդակի երկխոսությանն իր առցանց մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ով խոսեց Հայաստանում Երեխաների առցանց պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Հայաստանի` ՀՄՄ ԵԱՊ գլոբալ ծրագրին միանալու շրջանակներում: Նա ներկայացրեց ոլորտում առկա ռիսկերը, խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև կիսվեց արդեն իսկ գրանցված հաջողություններով, փորձով և ծրագրերով։ 

«Պետական, մասնավոր և հանրային հատվածները պետք է համագործակցեն և միավորեն ջանքերը երեխաների առցանց պաշտպանության ուղղությամբ: Սա մեկ կառույցի պարտականությունը չէ․ այն պահանջում է համապարփակ մոտեցումներ բոլոր պատասխանատու կողմերից», -իր խոսքում նշեց Քրիստինե Գյոնջյանը։ 

Առցանց հանդիպման ընթացքում իրենց փորձով և խորհուրդներով կիսվեցին նաև Մալավիի, և Ալբանիայի ներկայացուցիչները, ովքեր ևս խոսեցին իրենց երկրներում երեխաների առցանց անվտանգության և պաշտպանության վերաբերյալ գործող ուղեցույցների մասին։           
 
Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների միասնական կոչով՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը երեխաների առցանց անվտանգությունը մեծացնելու համար։