Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում Երեխաների առցանց պաշտպանության վերաբերյալ։ Միջոցառմումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի օպերատորների միության և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից։
Միջոցառումն ուղղված էր երեխաների առցանց պաշտպանության ոլորտում անհրաժեշտ քայլերի իրականացմանը, պետական մոտեցումների և քաղաքականության մշակման անհրաժեշտությանը:
Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Քրիստինե Գյոնջյանը ողջույնի խոսքում մասնավորապես նշեց․
«Այսօր Համացանցն ամբողջ աշխարհում օգտագործվում է կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, և դրա ապահով օգտագործումը, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, դարձել է գերակա խնդիր։ Մեր բոլոր ջանքներն ուղղված են բարձրացնելու երեխաների առցանց պաշտպանության մասին իրազեկվածության մակարդակը՝ միաժամանակ տրամադրելով ռեսուրսներ և գործիքակազմ, որոնք կաջակցեն երեխաներին, ուսուցիչներին և նրանց ընտանիքներին թվային հմտությունների և թվային գրագիտության զարգացման գործում։ Ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ և պատասխանատու կողմերի համատեղ նեգրավվածությունը` երեխաների առցանց անվտանգության ապահովման գործում քաղաքականության մշակման և խնդրին օրենսդրական կարգավորումների միջոցով լուծումներ առաջարկելու նպատակով»:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ողջունեց ներկաներին և նշեց քննարկման հիմնական նպատակը, այն է՝ ապահովել անվտանգ և առողջ առցանց միջավայր երեխաների համար։
«Տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, որտեղ երեխաները բացառություն չեն։ Համացանցը մեծ հնարավորություններ է տալիս սովորելու, զարգանալու և հաղորդակցվելու համար, սակայն հատկապես երեխաների համար այն որոշակի ռիսկեր է պարունակում՝ սկսած վնասակար բովանդակությունից, առցանց հարձակումներից մինչև գաղտնիության խախտումներ, և այլն»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ առցանց հարթակում երեխաների պաշտպանության խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, և այդ գործընթացում պահանջվում է ծնողների, ուսուցիչների, պետական կառույցների և տեխնոլոգիական ընկերությունների համատեղ ջանքերը։
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն կարևորեց տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նման ձևաչափով քննարկման կազմակերպումն ու անցկացումը՝ փորձի փոխանակման, ձևավորված համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Նա ներկայացրեց այդ ուղղությամբ իրենց կառույցի կողմից իրականացվող քաղաքականությունն ու աշխատանքները։
Թեմայի վերաբերյալ առանձին շնորհանդեսներով հանդես եկան Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ներկայացնելով 7-18 տարեկան ավելի քան 7800 երեխաների շրջանում անցկացված շառցանց անվտանգության վերբերյալ հետազոտության արդյունքները, ՀՄՄ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հեղնար Մելքոմ֊ Մելքոմյանը։
Հանդիպման արդյունքում նախագծվեցին հաջորդական քայլերը և կորևորվեց պարբերաբար հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը: