Նորություններ
Համագործակցության Հուշագիր՝ ՀՌԱՀ և ՀՕՄ Միջև (27.04.2023)

Ապրիլի 27-ին «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կնքել են համագործակցության հուշագիր։ Նպատակը կողմերի լիազորությունների արդյունավետ կատարմանը նպաստելն է:

Հուշագրի կնքմամբ կողմերը պարտավորվել են համատեղ քննարկել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բացթողումները, տարընթերցումները, խնդրահարույց նորմերը, մշակել նոր նախագծեր, վեր հանել խնդիրներ, դրանք լուծելու նպատակով՝ մշակել համապատասխան վարքականոններ:

Համագործակցության շրջանակներում և տեսալսողական մեդիայի զարգացման համապարփակ քաղաքականության մշակման նպատակով՝ կողմերը որոշել են ստեղծել ցանցային օպերատորների, հեռարձակողների և մուլտիպլեքս օպերատորների համագործակցության և շփման հարթակներ։

ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը կարևորել է հուշագրի ստորագրումը, և նշել, որ այն կդառնա պետական կարգավորող մարմնի և ոլորտը ներկայացնող կառույցի համագործակցության արդյունավետ հարթակ: 

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ ընդգծել է, որ Հանձնաժողովի գործառույթների զգալի մասը կապված է ցանցային օպերատորների հետ և այսօր էլ կան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ միասին աշխատելու հիմք կհանդիսանա ստորագրված փաստաթուղթը: