Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում՝ ցանցային օպերատորների հետ։ Քննարկվել է ոչ գծային հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակում իրականացնելու թույլատրություն ստանալու կարգը։
Քննարկմանը մասնակցել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը, ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և միության անդամներ:
ՀՌՀ նախագահը նշել է, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս հասկանալու առկա խնդիրները և տարընթերցումներից խուսափելու, ինչպես նաև կողմնորոշիչ դեր են կատարում օրենքում իրականացվելիք կարգավորումների համար:
ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը կարևորել է նմանատիպ հանդիպումները և նշել, որ դրանք օպերատորներին անհանգստացնող խնդիրները, օրենքի դրույթները մանրամասնելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորություն են:
Օպերատորները խոսել են ոչ գծային տեսալսողական տեղեկատվության սահմանման, թույլտվությունների ստացման, պատժամիջոցների կիրառման և այլ հարցերի մասին ու ներկայացրել առաջարկներ: