«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն միության անդամներին և գործընկերներին ներկայացրել է անցնող տարում արձանագրած արդյունքները և 2023-ի ծրագրերը։
«Մի շարք ծրագրեր ենք իրականացրել նախորդ տարի ամփոփիչ հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններով։ Ավելի լավ արդյունքների համար, իհարկե, կարևոր է համագործակցությունը, որի հաջողված փորձն արդեն ունենք և կշարունակենք ու կնորացնենք»,- նշել է ՀՕՄ վարչության նախագահ Արմեն Մուրադյանը։
ԲՏԱ նախարարի տեղակալներ Դավիթ Սահակյանը և Ավետ Պողոսյանը իրենց խոսքում կարևորել են երկրի զարգացմանն ուղղված ոլորտային ծրագրերում պետական, մասնավոր, հասարակական կառույցների համագործակցությունը և այդ համատեքստում՝ նշել ՀՕՄ նախագծերի արդյունավետությունը։ Նրանք նաև անդրադարձել են տարբեր ուղղություններում հետագա համագործակցության նոր հնարավորություններին։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ՀՕՄ-ի ու ՀՌՀ-ի համագործակցությունը դիտարկել է ոլորտային խնդիրները բացահայտելու և լուծումներ մշակելու տեսանկյունից։
«Աշխատում ենք ուշադրության կենտրոնում պահել ոլորտի բոլոր խնդիրները, նպաստել դրանց լուծմանը, ինչպես նաև կարևորում ենք լայնաշերտ ինտերնետ հասանելիության ապահովումը՝ հատկապես դժվարհասանելի ու հեռավոր համայնքներում։ Երկրի հավասարաչափ զարգացման կարևորությունն է հիմքում։ Հաջողությունը նման ծրագրերում պայմանավորված է և՛ անձնական պատասխանատվությամբ, և՛ մեր գործընկերների սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքով: Կրթական և երեխաների առցանց անվտանգությանն ուղղված ծրագրերը նույնպես մեր գործնեության հիմնական ուղղություններից է»-, ընդգծել է ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ 230 տնտեսություն ունեցող Շաղափում արդեն կա լայնաշերտ ինտերնետ:
Որպես ծրագրի հարակից արդյունք՝ գյուղի դպրոցում բացվել է ռոբոտաշինության խմբակ՝ «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ և անցկացվել թվային գրագիտության ու երեխաների առցանց անվտանգության դասընթաց՝ ՀՕՄ-ի նախաձեռնությամբ։ Ունենալով ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությունը՝ կազմակերպությունը «Համայնքային ցանցեր» ծրագիրն իրագործել է իր իսկ հիմնած համանուն հիմնադրամի միջոցով և ISOC Global-ի ֆինանսավորմամբ։
Հեռահաղորդակցության միջազգային միության հետ իրականացվող «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՀՕՄ-ը մշակել է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» դասընթացը։ ՀՄՄ-ի ստեղծած երեխաների առցանց պաշտպանության երեք ուղեցույցները թարգմանել ու տեղայնացրել է։ Առկա տեղեկությունները դպրոցներում անցկացված «Երեխաների առցանց անվտանգություն» դասընթացներում ներկայացվել է 1400 աշակերտի և 68 ուսուցչի:
Հաջողված կրթական նախաձեռնություններից է նաև ՀՊՏՀ-ում 2020-ին բացված «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը: Նպատակը ոլորտի արդի պահանջներին համապատասխան մասնագետներ ձևավորելը և մասնագիտական համայնքը համալրելն է։ Ծրագիրը բացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Արփինետ» ընկերության և Հայաստանի օպերատորների միության համագործակցության արդյունքում:
Կազմակերպությունը Հայաստանը ներկայացրել է նաև հեռահաղորդակցության ոլորտի մի շարք միջազգային միջոցառումներում: