Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ» ԾՐԱԳԻՐԸ (25.11.2024)

Արարատի մարզի 7 համայքներում ամփոփվեցին «Համայնքային ցանցեր» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքները։ Ծրագրի նախաձեռնողներն են Հայաստանի օպերատորների միությունը և «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը։


«Համայնքային ցանցեր» ծրագիրը մեկնարկել է 2021թ Շաղափ համայնքում՝ իր առաքելության հիմքում ունենալով Հայաստանի հեռավոր համայնքներում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն տրամադրելու և հեռավոր համայնքների համաչափ զարգացմանը նպաստելու գործընթացը։  2022թ. այն հաջողությամբ իրականացնելուց հետո այս տարի նույն մարզի Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լանջառ և Լուսաշող համայնքները (առաջիկայում՝ նաև Լանջանիստ համայնքը) ևս ապահովվեցին լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիությամբ։   Ծրագրի նպատակներից է նաև զարգացնել ենթակառուցվածքների համատեղ օգտագործման գաղափարը: Բացի ինտերնետ հասանելիության ապահովումից՝ տվյալ համայնքներում հաջողությամբ իրականացվել են նաև թվային հմտությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր և դասընթացներ։


Նշված համայնքները ծրագրի ողջ ընթացքում եղել են կազմակերպիչների ուշադրության կենտրոնում, պարբերաբար իրականացվել են համայնքների կարիքների և հնարավորությունների գնահատում։


««Համայնքային ցանցեր» ծրագիրը տեղեկատվության և փորձի փոխանակման, սեփական հնարավորությունների և նախագծերի գնահատման և նոր ուղենիշների սահմանման հրաշալի հնարավորություն էր։ Դեռևս ծրագրի ամենասկզբում բազմիցս նշել ենք, որ նմանատիպ համայնքները հեռահաղորդակցության օպերատորների համար բիզնես տեսանկյունից անբարենպաստ են համարվում, սակայն «Համայնքային ցանցեր» ծրագիրը սահմանել էր նշաձող՝ ինտերնետի ապահովմամբ հնարավորինս փոխել համայնքերի կյանքը՝ կամրջելով թվային անջրպետը, և  բնակիչների ներուժը ծառայեցնել հօգուտ համայնքի։ Կարծում եմ այս ամիսների աշխատանքը արդյունավետ էր, և ծրագրի մասնակիցները ևս կփաստեն, որ մենք հաջողել ենք համենայնդեպս, այդ ուղղությամբ հաջող մեկնարկը տրված է»,- նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։


Համայնքների բնակիչները մասնակցել են տարաբնույթ դասընթացների` ուղղված համայնքներում բնակիչների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, հաղորդակցության հմտություններին և սեփական բիզնեսն առցանց հարթակներում ներկայացնելու նրբություններին, համակարգչի և ինտերնետի խելամիտ օգտագործմանը և դրանք ի նպաստ համայնքի ծառայեցնելուն։ Դասընթացների ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։


«Մեր օրերում շոփինգից մինչև մանկավարժություն, բնապահպանությունից, կոմունալ վճարումներից մինչև առօրյա շփում անհնար է պատկերացնել առանց ինտերնետի։ Ավելին, Ինտերնետ հասանելիության ապահովումից հետո կազմակերպված դասընթացները շատերիս  հնարավորություն տվեցին հարստացնել գիտելիքները՝ ավելի ճկուն,գրագետ և արագ գործելու համար։ Համոզված եմ,որ մեր ստացած հմտությունները մեզ դեռ շատ են պետք գալու»,- վստահաբար փաստեց մասնակիցներից Սյուզի Կարապետյանը, ով հանդիսանում է  Զանգակատուն համայքնի բնակիչ և «Գնդասար» բնապահպանական սոցիալական ՀԿ տնօրենը։


«Համայնքային ցանցեր» ծրագրի աջակիցներն են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությունը, Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն, Արփինետ ՍՊԸ-ն, Ինտերնետ հասարակություն հիմնադրամը և Հեռահաղորդակցության միջազգային միությունը։