Մարտի 25-ին Հայաստանում հեռահաղորդակցության Տեխնոշաբաթվա շրջանակներում Երևանում մեկնարկեց «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» (Future of Connectivity) խորագիրը կրող երկօրյա համաժողովը։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանիային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն։
Ամբողջ աշխարհում ազգային տնտեսությունները ենթարկվում են համապարփակ թվային փոխակերպման Հեռահաղորդակցության նոր դարաշրջան բացող, ավելի արագ և ճկուն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Համաժողովի ընթացքում կներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիաների գործարկման հիմնական ասպեկտները, ինչպես նաև, թե ինչպես կառավարությունը և կարգավորող մարմինը կարող են օգնել արագացնել նոր ծառայությունների ներդրման գործընթացը՝ ելնելով բնակիչների շահերից:
«Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները և կապի համակարգերն աշխարհի ամենադինամիկ զարգացող ոլորտներից են։ Կապի տեխնոլոգիաներն առանցքային դեր են խաղում ամբողջ աշխարհում տեղեկատվության մշակման և փոխանակման գործում։ Այս համաժողովը նշանակալի ներդրում ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման՝ ամրապնդելով մասնակիցների միջև կապերը և համագործակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում Հեռահաղորդակցության միջազգային միությանը՝ այս միջոցառման նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև դրա հաջողությունն ապահովելուն ուղղված ջանքերի համար»,- նշեց ՀՀ ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը։
Միջոցառման նպատակն էր․
- Իմանալ ժամանակակից և նախորդ սերունդների կապի տեխնոլոգիաների, ներառյալ բջջային, արբանյակային և ֆիքսված կապի հիմնական տարբերությունները
- Ուսումնասիրել աշխարհում նոր տեխնոլոգիաների գործարկման առկա օրինակները
- Հասկանալ, թե ինչպես կառավարությունը և կարգավորող մարմինները կարող են օգնել արագացնել նորի տեխնոլոգիաների և ծառայությունները ներդրումը երկրում։
«Հեռահաղորդակցության ոլորտը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է՝ այն նաև համաշխարհային տնտեսական ու հասարակական փոփոխությունների շարժիչ ուժն է: Մենք այսօր այստեղ հավաքվել ենք՝ ոչ միայն ներկայացնելու առաջընթացը, այլ նաև քննարկելու համատեղ քայլեր, որոնք կդառնան ապագայի կապի տեխնոլոգիաների զարգացման հիմքը։ Մենք մտադիր ենք այս տարի առաջին անգամ հայտարարված Հեռահաղորդակցության տեխնոշաբաթը դարձնել ամենամյա՝ ամեն տարի միավորելով լավագույն մասնագետներին ու փորձագետներին, քննարկելու նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած առաջընթացը, ապագայի տեսլականը և ոլորտի առաջընթացին ու զարգացմանն ուղղված համատեղ քայլերի ճանապարհային քարտեզը։
Այսպիսով, մենք ուզում ենք ստեղծել հարթակ, որտեղ ոլորտի բոլոր մասնակիցները կկարողանան ներգրավվել համատեղ աշխատանքի ու նոր գաղափարների մշակման գործընթացում։ Շնորհակալ եմ այսօր այստեղ ներկա գտնվող ոլորտի լավագույն միջազգային բանախոսներին, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելու են մեզ հետ՝ առաջարկելով նոր հայեցակարգեր ու լուծումներ։»,-նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
«Ապագայի կապի տեխնոլոգիաներ» համաժողովի ընթացքում կքննարկվեն հեռահաղորդակցության ոլորտի արդի տեխնոլոգիական զարգացումները և նորարարությունները: Մասնավորապես, կծավալվեն քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝
- FWA (Fixed Wireless Access) բջջային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիայի ներդրման միջազգային փորձը- նոր սերնդի Wi-Fi 6/7/8 տեխնոլոգիաների զարգացումը, ներդրումը և կիրառությունը
- LPWAN (Low-Power Wide-Area Network) տեխնոլոգիաների զարգացումը՝ ինչպես լիցենզավորված, այնպես էլ առանց լիցենզիայի գործող հաճախականությունների տիրույթում
- Տիեզերական կապի զարգացման միտումները LEO/MEO/GEO արբանյակային կապի վերլուծություն։
- Starlink արբանյակային կապի համակարգի զարգացումը և կիրառությունը Direct-to-Device արբանյակային կապի հեռանկարներն ու մարտահրավերները
- Բջջային կապի մասնավոր ցանցեր
- Դրոնները բջջային հաճախականությունների տիրույթում
- HIBS/HAPS (Բարձրադիր օդային հարթակներ հեռահաղորդակցության համար)
- Ավտոնոմ ցանցեր և արհեստական բանականություն հեռահաղորդակցությունում
- Ցանցային API-ներ
Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանիային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուի խոսքով՝ միջոցառումը նոր հորիզոններ կբացի առաջադեմ լուծումների ըմբռնման և ներդրման գործում և կօգնի գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները։
Համաժողովը կազմակերպվում է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ։
Խոսնակներ՝
Վադիմ Պոսկակուխին, Ubiquitous Wireless LLP տեխնիկական տնօրեն
Կոնստանտին Սավին, IXP խորհրդատվական գործակալության Բիզնես գործընկեր
Ջոն Դեյվիդ Կիմ, թվային փոխակերպման ֆորումի ղեկավար (նախկինում՝ APAC 5G ֆորում) և GSMA հյուսիս արևելյան Ասիայի տարածաշրջանային ղեկավար
Վահան Հովսեփյան, RIPE NCC ընկերության համայնքի և հանրային քաղաքականության ավագ խորհրդական
Դխրուվ Դխոդայ, IETF Internet Architecture Board (IAB)-ի անդամ և SRv6 Operations աշխատանքային խմբի համանախագահ
Դոկտոր Լիանգ Չժան, Huawei-ի օպտիկական տեխնոլոգիաների գծով փորձագետ ՀՄՄ 15-րդ հետազոտական հանձնաժողովում
Արմեն Հունանյան, Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ
Հռիփսիմե Հարությունյան, Starlink-ի մատակարարների ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում
Սերոբ Գասպարյան, Starlink-ի մատակարարների ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում մարտի 27-28-ը կանցկացվի նաև կանցկացվի «ՏՀՏ վիճակագրություն և ծառայությունների որակի գնահատում» խորագրով աշխատարան, որը կազմակերպվում է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի կողմից, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ և Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ։