Նորություններ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ (IMT-2020/5G)» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ (22.09.2023)

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից կազմակերպված «Հաջորդ սերնդի շարժական կապի ցանցերի գործարկում (IMT-2020/5G)» թեմայով աշխատաժողովը, որի կազմակերպվել էր Հայաստանի օպերատորների միության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ շահագրգիռ պետական գերատեսչությունների,  հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների և շարժական կապի օպերատորների և ՀՀ մասնավոր սեկտորի 50-ից ավել ներկայացուցիչներ,  ովքեր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին 5G տեխնոլոգիայի ցանցերի, դրանց ներդրման և զարգացման միջազգային փորձի, հնարավոր խոչընդոտների ու ցանցերի արդյունավետ ներդրումն ապահովող գործոնների վերաբերյալ։ 

Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր ՏՀՏ ոլորտի տեխնոլոգիական միտումների, 5G/IMT-2020 ցանցերի տեխնոլոգիաների և հնարավորությունների, հիմնական շարժիչ ուժերի ու նոր բիզնես մոդելների ներկայացմանը, ինչպես նաև 5G ցանցերի կոմերցիոն գործարկման և զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությանը, ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանն առնչվող հարցերին։

«5G ցանցի համընդհանուր գործարկումը անկյունաքարային նշանակություն կունենա ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանի համար։ Իսկ այդ ամենին հասնելու հաջորդական փուլերի գրագետ կազմակերպումը կապահովի գործընթացի արդյունավետությունը և բարձր որակը։ Հայաստանի օպերատորների միությունը ևս իր ներդրումն է ունենում այս գործընթացում փորձառու մասնագետների մասնակցությամբ նման աշխատաժողովների, քննարկումների և միջոցառումների կազմակերպմամբ»,- նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Երկրորդ օրվա ընթացքում քննարկված առանցքային թեմաները վերաբերում էին Հեռահաղորդակցության միջազգային միության գործունեությանը (ՀՄՄ) 5G/IMT2020 կարգավորման և ստանդարտացման ոլորտում, ինչպես նաև 5G/IMT-2020-ի ծախսերի և սպեկտրի տեղաբաշխման պայմանների հետ կապված խնդիրներին։ 2022-2023 թվականներին ՀՄՄ-ն պարբերաբար դասընթացներ է անցկացնում ԱՊՀ երկրներում՝ դիտարկելու 5G տեխնոլոգիաների գործարկման հիմնական ասպեկտները։


«Միջազգային հեռահաղորդակցության միությունը մանրամասնորեն ուսումնասիրում է 5G-ի ներդրման կոմերցիոն և տեխնիկական խնդիրները, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի զարգացած երկրների օրինակները։ 5G-ն ամենախոստումնալից տեխնոլոգիաներից մեկն է, որը հնարավորություն կտա խելացի լուծումներ կիրառել քաղաքային կառավարման, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրության և այլ ոլորտներում։ Օպերատորների համար հինգերորդ սերնդի ցանցի գործարկումը նոր հնարավորություններ և աճի հեռանկարներ է բացում բիզնեսի համար»,- նշեց Հեռահաղորդակցության միջազգային միության ծրագրերի համակարգող Ֆարիդ Նախլին։ 

Աշխատաժողովի երրորդ օրվա ընթացքում ներկայացվեցին նախորդ սերնդի՝ 2G/3G ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման ռացիոնալացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև 5G/IMT-2020-ի երկարաժամկետ էվոլյուցիայի և դեպի 6G անցման հնարավորությունները։ Դասընթացի ավարտին տեղի ունեցավ բաց քննարկում մասնակիցների հետ կարգավորող մարմինների առջև ծառացած առավել կարևոր ընթացիկ և գործնական խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են օպերատորները ՀՀ -ում արդեն մեկնարկած հինգերորդ սերնդի բջջային ցանցերի ներդրման ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ նման սեմինարները և հատկապես ITU-ի փորձառու փորձագետների կողմից կազմակերպված միջոցառումները հնարավորություն են ընձեռում հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող, քաղաքականություն մշակող և այլ շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև օպերատորներին՝ քննարկել, վերհանել հնարավոր խնդիրներն ու գտնել լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի արդյունավետ ներդրմանը»,- նշեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը։

Աշխատաժողովի ընթացքում որպես խոսնակներ հանդես եկան հետևյալ մասնագետները

  • Նիկոլայ Վասիլև, Հեռահաղորդակցության միջազգային միության Ռադիոկապի բյուրոյի վերգետնյա ծառայությունների դեպարտամենտի ղեկավար
  • Վադիմ Պոսկակուխին, Ubiquitous Wireless LLP-ի համահիմնադիր
  • Կոնստանտին Սավին, IXP Consulting Agency-ի բիզնես գործընկեր
  • «Ջոննի» Ջոն Դեյվիդ Քիմ, Թվային փոխակերպման արագացման ֆորումի ղեկավար (նախկինում՝ APAC 5G ֆորում) և GSMA-ի Հյուսիսարևելյան Ասիա տարածաշրջանի ղեկավար

 Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև կլոր սեղան քննարկումներ՝ բջջային ցանցերի էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության կարգավորման և 5G ցանցերի ներդրման տարբեր ասպեկտների վերաբերյալ։


Աշխատաժողովի վերաբերյալ տեղեկատվական նյութերը՝ ներառյալ ծրագիրը, պրեզենտացիաները և լուսանկարները կարող եք գտնել ՀՄՄ կայքում։ 


Հայաստանի օպերատորների միությունը շարունակաբար աշխատանքներ է տանում ՏՀՏ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների և ինտերնետ հասանելիության վերաբերյալ իրազեկման ուղղությամբ՝ կազմակերպելով աշխատաժողովներ, դասընթացներ և համանման  միջոցառումներ։