Հայտարարություններ
Հայտնի Է Երեվանում Կայանալիք Կապի Եվրոպական Գագաթնաժողով 2023֊ի Ծրագիրը (03.06.2023)

Հունիսի 6֊7֊ը Երևանում կանցկացվի «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով  Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը։


Միջոցառման երկու օրերի ընթացքում ոլորտի մասնագետները աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից և Հունաստանից կմիավորեն իրենց ջանքերը` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: 


Գագաթնաժողովի առաջին օրը` հունիսի 6֊ին, կանցկացվի 3 պանելային քննարկում.

  • Ռազմավարական մոտեցումները հասանելիության  խթանման գործում

Այս պանելային քննարկումը կենտրոնանալու է համակարգված ջանքերի և կարգավորող շրջանակների վրա, որոնք լրացուցիչ հասանելիություն և ցանցային լուծումներ են տրամադրում` ինչպիսիք են Համայնքային ցանցերը:  Փորձառու մասնագետները տարածաշրջանից և ամբողջ աշխարհից կփոխանակեն իրենց փորձը և մոտեցումները։

  • Ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ և լուծումներ

Այս պանելային քննարկման ժամանակ  մասնագետները կկենտրոնանան ֆինանսավորման այն նորարարական մեխանիզմների վրա, որոնք ստեղծելով և օգտագործելով` հնարավոր կլինի ապահովել հասանելիություն ամենուր:

  • Տեխնիկական մարտահրավերներ և հնարավորություններ

Աշխարհի բնակչության 1/3֊ը դեռ Ինտերնետ հասանելիությամբ ապահովված չէ։ Մարդիկ ողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում, համախմբվում և կառուցում են իրենց սեփական Ինտերնետ կապը` համայնքային ցանցերի, կոոպերատիվների և կապի այլ լրացուցիչ լուծումների միջոցով` ապահովելով հասանելիություն ամենուր։


 Նույն օրը նաև տեղի կունենա Համայնքային ցանցերի չեմպիոնների պարգևատրման արարողությունը։ Մրցանակը տրվում է համայնքային ցանցերի կառուցման գործում մեծ ներդրում ունեցած անձանց։


Գագաթնաժողովի երկրորդ օրը` հունիսի 7֊ին, տեղի կունենա կլոր սեղան֊քննարկում` «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն Ինտերնետի խելամիտ օգտագործման ճանապարհով գյուղական համայնքների հզորացման իրենց մոտեցումները։


Բանախոսների և քննարկվող թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են միջոցառման օրակարգում:


Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։


Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :