Դեկտեմբերի 11֊ին Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը առցանց տարբերակով մասնակցեց «Թվային հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով տարածաշրջանային կլոր սեղանին:
Քրիստինե Գյոնջյանն իր ելույթում կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը թվային հասարակությանը և ներկայացրեց օրերս «Հայաստանի Կույրերի միավորում» ՀԿ իրականացված այցի նպատակը, արդյունքներն ու այլ մանրամասներ, որի շրջանակներում ժամանակակից տեխնիկայով վերազինվեց միավորման համակարգչային լաբորատորիան։
Քննարկումը կազմակերպվել էր Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից` հիբրիդային ձևաչափով և նվիրված էր Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվան (դեկտեմբերի 3) և ԱՊՀ տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային հասանելիության ստեղծման փորձի, միտումների և արդյունքների փոխանակմանը։
Հանդիպմանը հրավիրված էին համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, փորձագիտական հանրության, ուսումնական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համագործակցում են՝ իրականացնելու ՏՀՏ հասանելիության քաղաքականություն և ռազմավարություն ամբողջ աշխարհում և խթանելու թվային հմտությունները, որպեսզի բոլորը հավասարապես և արդարացիորեն ներառվեն թվային հասարակության մեջ:
2022 թվականին Համաշխարհային հեռահաղորդակցության զարգացման համաժողովը 2023-2025 թվականների համար հաստատեց ԱՊՀ տարածաշրջանային նախաձեռնությունը «Թվային հմտություններ և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիություն բնակչության համար, հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար», որի նպատակն է աջակցել տարածաշրջանի ՀՄՄ անդամ երկրներին՝ քաղաքացիների շրջանում թվային հմտությունների զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման պայմանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։