Նորություններ
«Թվային Փոխակերպում՝ Կապ Վաղվա Հետ» Համաժողովը՝ Երևանում (29.10.2022)

Հոկտեմբերի 28-ին կայացել է «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» համաժողովը՝ DigiWeek-ի շրջանակներում: Այն կազմակերպել էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը և Հայաստանի օպերատորների միությունը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ասել է․«Թվայնացումը և թվային փոխակերպումը Հայաստանի համար կարևորագույն ուղղություններից են: Մեր նախարարությունը, որպես ոլորտի պատասխանատու կառույց, շատ մեծ անելիքներ ունի, հատկապես ՀՀ կառավարության 2022-ի ծրագրի շրջանակում: Մենք հետաքրքրված ենք ոլորտում ընթացող զարգացման համաշխարհային միտումներով ու փորձով և, իհարկե, մեր երկրում դրանց կիրառմամբ»։

Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալյա Մոչուն իր խոսքում նշել է․ «Թվային տնտեսությունը հնարավոր չէ պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաների ենթակառուցվածքների, թվային ծառայություններ մատուցող ստարտափների էկոհամակարգի։ Թվարկվածի զարգացում առաջնային է։ Այս համաժողովը լավ առիթ է քննարկելու ոլորտի առաջնահերթությունները՝ տարածաշրջանի մասով»:

Համաժողովում թվային փոխակերպման և թվային կայունության խնդիրներին են անդրադարձել մասնագիտական ու փորձագիտական խմբերը՝ բազմաֆորմատ քննարկումներով։ Առաջին բաժնում ներկայացվել են թվային փոխակերպման, կապի և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների ու կարողությունների զարգացման միտումները։  Բացի այդ պարզաբանվել է փոխակերպման նշանակությունը աշխարհի և մասնավորապես՝ Հայաստանի համար։  «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» թեմայով կլոր-սեղան քննարկումը կայացել է համաժողովի երկրորդ բաժում՝  Հայաստանի և միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Ներկայացվել է «Հայաստանում թվային ճկունության գնահատման» ITU-ի փորձագետների զեկույցը, որը ՀՀ ԲՏԱ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի համագործակցության արդյունք է, որի հիման վրա համաժողովի մասնակիցները փորձել են բացահայտել հնարավոր գործողություններն ու լուծումները: