Հունիսի 6֊ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագիրը կրող Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ի բացման արարողությունը։
Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ Վրաստանից, Հունաստանից և Ղրղզստանից։
«Ուրախ եմ ողջունելու բոլորիդ Կապի Եվրոպական գագաթնաժողովին, որն անցակցվում է Հայաստանում առաջին անգամ: Վստահ եմ, որ այստեղ ներկաներին միավորում է համընդհանուր գաղափարը, և հույս եմ հայտնում, որ այս երկու օրերի միասնական ջանքերով կգտնենք ուղիներ` կրճատելու աշխարհի` դեռևս օֆֆլայն հատվածում գտնվող բնակչության թիվը», -նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար:
«Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում, որը միևնույն ժամանակ ենթադրում է անվտանգության և ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումներ։ Այս առումով օրենսդրական մակարդակում աշխատանք է տարվում՝ ընտանիքների, երեխաների, դպրոցների եւ որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:
«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է, որ մինչև 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսն ապահովվի լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ, որը բավականին մեծ ցուցանիշ է ամբողջ աշխարհում։
Ներկայում մենք առաջանցիկ տեմպերով ենք ընթանում դեպի այդ ցուցանիշը։ Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 66,5 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, որը ներառում է բնակչության 96 տոկոսը։ Հատկանշական է նաև, որ այն բնակավայրերը, որոնք չունեն լայնաշերտ ինտերնետի հասանելիություն, ապահովված են շարժական ինտերնետով»,- նշեց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։
Երբ համայնքը միավորվում է կառուցելու սեփական ցանցը, համայնքային ցանցերը դիտարկվում են որպես ինտերնետ հասանելիություն ապահովելու այլընտրանքային մոտեցումներ։ Նմանատիպ ցանցերը շահույթ չեն հետապնդում, սակայն հիանալի միջոց են ողջ աշխարհում նվազեցնելու առանց ինտերնետ հասանելիության համայնքների թիվը: Միևնույն ժամանակ սրանք կարող են օգնել կամրջել թվային անջրպետը և նպաստել մի շարք ոլորտների, այդ թվում` բիզնեսի, կրթության և տուրիզմի զարգացմանը։
«Կապի Եվրոպական գագաթնաժողովը հիանալի հարթակ է ոլորտի մասնագետների միջև գիտելիքի և փորձի փոխանակման համար։ Հուսով եմ այս երկու օրերի ընթացքում տեղի ունեցող քննարկումները և ձեռքբերումները հետագա համագործակցությունների հիմք կհանդիսանան` ապահովելու հասանելիություն ամենուր»,- նշեց «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգին։
Աշխարհի բնակչության 1/3֊ը դեռ Ինտերնետ հասանելիությամբ ապահովված չէ։ Մարդիկ ողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում, համախմբվում և կառուցում են իրենց սեփական Ինտերնետ կապը` համայնքային ցանցերի, կոոպերատիվների և կապի այլ լրացուցիչ լուծումների միջոցով` ապահովելով հասանելիություն ամենուր։
«Մեր անելիքները շատ են ինտերնետի և արհեստական բանականության ոլորտում, և մենք պետք է աշխատենք, որպեսզի բոլոր հնարավորությունները Հայաստանում օգտագործենք ի օգուտ Հայաստանի բնակիչների»,-նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
Բանախոսների և քննարկվող թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են միջոցառման օրակարգում։
Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :