Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը: Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, Միության վարչության անդամ, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանի հետ միասին մասնակից ստարտափ թիմերի համար անցկացրեցին դասընթաց «Մարքեթինգի և վաճառքների ռազմավարության կարևորությունը» թեմայով: «Ներուժ» ծրագրի նպատակն էր աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի ներուժը բերել Հայաստան։ 47 ստարտափ ընկերություն, 18 երկրից մասնակցեցին և մրցեցին 80 մլն դրամ արժողությամբ մրցանակային ֆոնդի իրենց բաժինը ստանալու համար։ $15.000, $20.000 եւ $25.000 հազար դրամաշնորհի արժանանացած գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարտափներն են «Marathon», «eBin», «SoFetch», իսկ շուկա դուրս գալու պատրաստ 3 ստարտափները՝ «Schedex», «Garoon Tech» եւ «Fact industries»: «Garoon Tech» ստարտափ թիմը «Արփինետ» ընկերության կողմից ստացավ նաև դյուրակիր համակարգիչ, դոմեյն և հոսթինգ՝ 3 տարի անվճար օգտագործելու հնարավորությամբ: Հաղթող ընկերությունները հրավիրվեցին Հայաստան՝ հայրենադարձվելու և զարգացնելու իրենց բիզնեսը այստեղ: