Համայնքային ցանցեր

Վերափոխման պատմություն․ թվային հեղափոխություն Հայաստանի սրտում

Lեգենդար Արարատ լեռան ստվերի ներքո գտնվող Արարատի մարզի Լանջանիստ, Լուսաշող, Ուրցալանջ և Լանջառ համայնքների բնակիչները երկար տարիներ ապրել են իրենց սովորական կենսակերպով՝ բնությանը մոտ, հենվելով գյուղատնտեսության և անասնապահության վրա և պահպանելով սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները։

Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցավ մի նշանակալի իրադարձություն, որը սկսեց փոխել այս հեռավոր համայնքների բնակիչների կյանքը․ գյուղեր մուտք գործեց գերարագ լայնաշերտ ինտերնետը։
«Որոշ ժամանակ առաջ մեր գյուղ էին այցելել ներդրողներ, որոնց գրավել էին մաքուր օդն ու գեղեցիկ բնությունը։ Նրանք մտադիր էին ներդրումներ կատարել, կառուցել հյուրատուն և գործարան, սակայն, ի վերջո, հրաժարվեցին իրենց ծրագրերից՝ ինտերնետ կապի բացակայության պատճառով։ Մեր գյուղում հիմնականում տարեց բնակիչներ են ապրում, իսկ երիտասարդները շատ քիչ են մնացել։ Հույս ունենք, որ ձեր աջակցությամբ գյուղում գերարագ ինտերնետի հասանելիության ապահովումը կնպաստի նրան, որ երիտասարդ սերունդն ընտրի այստեղ մնալը, և նոր հնարավորություններ ստեղծվեն»։
Վահագն Միրզոյան
Լանջանիստ համայնքի վարչական ղեկավար

Ամեն ինչ սկսվեց աստիճանաբար։ Հայաստանի օպերատորների միության և Համայնքային ցանցերի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Համայնքային ցանցեր» (Community Networks) ծրագիրը նպատակ ուներ գերարագ ինտերնետը հասանելի դարձնել մարզի հեռավոր բնակավայրերին։ Սակայն այս նախաձեռնությունն աստիճանաբար վերածվեց շատ ավելի մեծ փոփոխության՝ փոխելով մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման ձևը։

«Կյանքում երկու բան հնարավոր չէ վերադարձնել՝ ժամանակն ու հնարավորությունը։
Մեր օրերում անհնար է պատկերացնել առօրյա գործունեությունն առանց ինտերնետի՝ գնումներից մինչև մանկավարժություն և շրջակա միջավայրի պահպանություն, կոմունալ վճարումներից մինչև ամենօրյա հաղորդակցություն։ Այսօր համակարգչային գրագիտությունը պարզապես ԿՅԱՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, իսկ ինտերնետի հասանելիությամբ բացված նոր հորիզոնները շարունակելու են արդյունավետ ազդեցություն ունենալ բազմաթիվ ուղղություններով»։
Սյուզի Կարապետյան
Զանգակատուն համայնքի միջնակարգ տպրոցի ուսուցիչ

Այս գյուղերում ինտերնետի մուտքը դարձավ յուրատեսակ անաղմուկ հեղափոխություն։ Այն էապես փոխեց փոքր բիզնեսների զարգացման հնարավորությունները՝ ստեղծելով աճի, ճանաչելիության բարձրացման և շուկաների ընդլայնման նոր հեռանկարներ։
Ամենակարևոր փոփոխություններից մեկը տեղական համայնքի սահմաններից դուրս հաճախորդներ գտնելու հնարավորությունն է։ Կայքերի, սոցիալական մեդիայի հարթակների և էլեկտրոնային առևտրի միջոցով փոքր բիզնեսներն այժմ կարող են իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային լսարանին։ Սա նոր հնարավորություններ է ստեղծել արհեստագործական արտադրանքի պատրաստմամբ զբաղվողների, ֆերմերների և փոքր արտադրողների համար՝ թույլ տալով նրանց վաճառել իրենց ապրանքները ոչ միայն հարակից բնակավայրերում, այլև շատ ավելի լայն շուկաներում։

«Բնակիչների համակարգչային գրագիտության մակարդակը ցածր է, և մենք դժվարանում ենք գտնել համապատասխան աշխատակիցներ, որոնք տիրապետում են նույնիսկ համակարգչային տարրական հմտությունների, օրինակ՝ փաստաթղթեր կազմելուն և ինտերնետից օգտվելուն։ Այս գիտելիքների պակասը մեզ համար լուրջ խնդիր է։ Սակայն այժմ ուրախ ենք, որ ապահովվել է ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև կազմակերպվում են տարբեր հմտությունների զարգացման դասընթացներ։
Շատերը չեն ցանկանում մնալ գյուղում․ այստեղ նույնիսկ բուժքույր կամ բժիշկ չունենք։ Երիտասարդ սերունդը նույնպես չի շտապում բնակություն հաստատել և ընտանիք կազմել, քանի որ հնարավորությունները սահմանափակ են։
Ձեր աջակցության շնորհիվ այժմ հասանելի է գերարագ ինտերնետը։ Տարեց բնակիչները կարող են օգտվել կաբելային հեռուստատեսությունից և ունենալ ժամանցի ավելի լայն հնարավորություններ․ նախկինում մեզ հասանելի էին ընդամենը մի քանի հեռուստաալիքներ։
Հույս ունենք, որ գերարագ ինտերնետի հասանելիությունը և այս դասընթացների ընթացքում ձեռք բերվող հմտությունները նոր հնարավորություններ կստեղծեն և կխրախուսեն մեր բնակիչներին սեփական բիզնեսը հիմնելու հարցում»։
Արսեն Ալեքսանյան
Լուսաշող համայնքի վարչական ղեկավար
Այժմ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն մասնակցելու առցանց դասընթացների, վեբինարների և ներգրավվելու մասնագիտական միջազգային ցանցերում՝ հաղորդակցվելով տարբեր ոլորտների փորձագետների հետ։ Սա նպաստում է նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, նորարարական մոտեցումների ներդրմանը և բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը։
Բացի այդ, ինտերնետը զգալիորեն ընդլայնել է հաղորդակցության և գործարար կապերի հաստատման հնարավորությունները։

Արարատի մարզի հեռավոր գյուղերում թվային հեղափոխությունն արդեն իր հաստատուն տեղն է գտել, և դրա դրական ազդեցությունը դեռ նոր է սկսվում։
Միության նյութեր

Նմանատիպ նյութեր