Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ իրականացվող «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակում «Հայաստանի օպերատորների միությունը» մշակել է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» դասընթացը, թարգմանել և տեղայնացրել է ITU-ի ստեղծած երեխաների առցանց պաշտպանության երեք ուղեցույց։
Դասընթացը բաց եւ անվճար ռեսուրս է՝ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար։ Արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարության հավանությանը։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով տրամադրվել է Հայաստանի բոլոր դպրոցներին։
Առցանց դասընթացին մասնակցել եւ վկայական է ստացել 3696 անձ։ Դպրոցներում մասնակցության պատկերը հետեւյալն է՝ 1400 աշակերտ, որից 730 տղա, 670 աղջիկ։ 68 ուսուցիչ նունպաս մասնակցել է դասընթացին:
«Փորձում ենք ձևավորել համացանցում անվտանգ վարքագիծ դրսեւորելու կայուն մոտիվացիա, ներկայացնել վտանգներին ճիշտ արձագանքելու մեխանիզմները։ Շատ կարևորում ենք երեխաների կյանքին մասնակից բոլոր օղակների՝ ծնող, ուսուցիչ, դպրոց, պետություն ներգրավումը: Բացի այդ, երեխաներին առցանց անվտանգ պահելը պարտադրում է համագործակցային և համակարգված միջազգային արձագանք՝ պահանջելով շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածություն և աջակցություն»,- մանրամասնել է ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Երեխաների առցանց պաշտպանության ուղեցույցները նախատեսված են ծնողների, ուսուցիչների, ինչպես նաև ոլորտի քաղաքականությունը մշակողների համար։ Կիրառությունը նպաստավոր է երեխաների ու երիտասարդների համար անվտանգ առցանց միջավայրի զարգացման տեսանկյունից։ Ուղեցույցները տրամադրվել են համապատասխան կառույցներին և շահագրգիռ կողմերին: