Օպերատորների միությունը հայտնում է իր մտահոգությունները «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (26.06.2020)

Հեռահաղորդակցության ոլորտի թվով 28 ընկերությունների անդամակցությամբ   «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն հայտնում է իր մտահոգությունները «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի շրջանառվող նախագծի վերաբերյալ: 
Նախքան նախագծի մշակումը լայնորեն քննարկված, համաձայնեցված և աշխարհի առաջադեմ երկրների կողմից արդեն տարիներ շարունակ ընդունված և կիրառվող պարտադիր հեռուստածրագրերի փաթեթի հասկացությունը տարօրինակ կերպով դուրս է մնացել նախագծի լրամշակված տարբերակից՝ զրկելով ցանցային օպերատորներին հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական սփռման հեռուստածրագրերը անխոչընդոտ կերպով և առանց վճարի իրենց սպառողներին վերահեռարձակելու հնարավորությունից: Այսինքն՝ ներկայումս տիրող իրավիճակը մնում է անփոփոխ՝ անլուծելի թողնելով այն խնդիրները, որոնց բախվում են ցանցային օպերատորները և սպառողները: Իսկ այս պահին իրավիճակը հետևյալն է՝ կաբելային խոշոր հեռարձակողները կարողանում են բարձր գին վճարելով բացառիկ պայմանագրեր կնքել հանրապետական սփռում ունեցող եթերային հեռարձակողների հետ՝ զրկելով մյուսներին տվյալ հեռուստածրագիրը վերահեռարձակելու հնարավորությունից կամ տվյալ հեռուստածրագիրը վերջիններիս տրամադրվում է խտրական պայմաններով և բարձր վճարների դիմաց: Սա հանգեցնում է փոքր և միջին կաբելային հեռարձակողների համար անհավասար մրցակցային պայմանների ստեղծման, զրկելով վերջիններիս բաժանորդներին այդ հեռուստածրագիրը ընդունելու հնարավորությունից կամ այն ընդունել ավելի բարձր բաժանորդային վարձ վճարելու դիմաց: Պետության սահմանափակ ռեսուրսն օգտագործող եթերային հեռուստաընկերությունների և խոշոր ցանցային օպերատորների միջև նման հակամրցակցային համաձայնությունները կանխելու և այս ոլորտում անհավասար տնտեսական մրցակցությունը բացառելու, սպառողին տեղական հեռուստածրագրերը ընդունելու հնարավորությունից չզրկելու նպատակով Միությունը կարևորում է հանրային մուլտիպլեքսում ներառված հեռուստածրագրերը պարտադիր անվճար հիմունքներով ցանցային օպերատորներին տրամադրելու   դրույթը Նախագծում վերականգնելը և «սոցիալական փաթեթ» կամ «պարտադիր հեռուստածրագրերի փաթեթ» հասկացությունների ներմուծումը մեր օրենսդրության մեջ:
Միությունը չի բացառում նաև այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ ցանցային օպերատորները հանրապետական սփռում իրականացնող եթերային հեռուստաընկերությունների կամայական վարքագծի հետևանքով կարող են համաձայնություններ կնքել և հրաժարվել տեղական որևէ հեռուստաալիքի համար վճարելուց և վերահեռարձակելուց: Հետևանքը կլինի այն, որ տեղական հայրենական տեսալսողական տեղեկատվությունը դուրս կմղվի ցանցային օպերատորների փաթեթներից՝ իր տեղը զիջելով ամբողջությամբ օտարերկրյա տեսալսողական տեղեկատվությանը, ինչը ևս ընդունելի չէ տեղեկատվական անվտանգության նկատառումներով:
Նախագիծը ցանցային օպերատորներին զրկում է սեփական հեռուստածրագրեր ունենալու կամ տեսալսողական մեդիածառայության դիստրիբյուտոր լինելու հնարավորությունից:
Այնպիսի տպավորություն է, որ նախագիծը մշակվել է բացառապես մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստածրագրերի շահերի տեսանկյունից՝ ամբողջովին անտեսելով տեղեկատվական և հեռահաղորդակցային ոլորտի զարգացման միտումները, ոլորտի մնացած մասնակիցներին և սպառողներին: 
Ամբողջ աշխարհում կաբելային հեռուստատեսությունը հանդիսանում է տեսալսողական մեդիայի ամենամեծ սեգմենտը և կաբելային ցանցերը շարունակում են մնալ աշխարհի խոշորագույն և հայտնի տեսալսողական մեդիածառայությունների հեռուստածրագրերի տարածման հիմքը: Այս իրողությունների հետ պետք է հաշվի նստել և ցանցային օպերատորներին պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռել զարգանալու և ընդլայնվելու համար, ոչ թե զրկել եղած բոլոր հնարավորություններից, քանզի ցանցային օպերատորները չեն օգտագործում պետության սահմանափակ ռեսուրսները, այլ իրենք են ստեղծում ռեսուրսներ և ենթակառուցվածքներ:
  Հայտնելով իր մտահոգությունները, Միությունը, այնուամենայնիվ, շարունակում է հուսալ, որ Նոր Հայաստանում օրենքների նախագծերը մշակվում են բացառապես ոլորտը բարելավելու և կարգավորելու մղումներով, այլ ոչ թե կոնկրետ շահեր սպասարկելու շարժառիթներով և հուսով են, որ իրենց բարձրացրած խնդիրներն ի վերջո արձագանք կստանան Նախագծի ընդունման ժամանակ: 
«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ