Նորություններ
Բիզնես ինովացիոն 6-րդ համաժողով՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» (01.12.2018)

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո արդեն 6-րդ անգամ հրավիրել է Բիզնես ինովացիոն համաժողով։ Ամենամյա համաժողովի այս տարվա խորագիրն էր՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին»։

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը դիլիջանյան համաժողովում քննարկվել են հետևյալ թեմաները՝

• Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 
 • Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ՀՀ մարզերում 
 • Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում 
 • Աջակցություն Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը։

ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի նորարարության և առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Համաժողովի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը և ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ստորագրել են  «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը պարտավորվել են իրենց փորձառությունը ծառայեցնել ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտմանը և լուծումներ մշակելուն, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցել՝ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով: 

Բիզնես ինովացիոն համաժողովը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում մշակվում է Հայաստանի արդիականացման ծրագիր:  Այն մեկտեղում է ՀՀ կառավարության և Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների։

«Օպերատորների հայկական միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, վարչության անդամներ՝ «Արփինետ» ընկերության տնօրեն՝ Արմեն Մուրադյանը և «Արանեա» ընկերության տնօրեն՝ Անդրանիկ Մինասյանը նույնպես մասնակցել են Բիզնես ինովացիոն 6-րդ համաժողովի աշխատանքներին։