Նորություններ
Երեխաների Առցանց Անվտանգության Խնդիրները՝ Ուշադրության Կենտրոնում (07.02.2022)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն փետրվարի 7-ին անցկացրել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում։ Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպություններ։ Յուրաքանչյուրը մանրամասնել է իր կողմից իրականացված նախագծերը, ինչպես նաև ներկայացրել երեխաների առցանց անվտանգությանն ուղղված առավել արդյունավետ լուծումներն ու հնարավորությունները։

Մասնակիցներն անդրադարձել են հետևյալ թեմաներին՝

  • երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը,

  • առցանց անվտանգության ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն,

  • երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված՝ հեռահաղորդակցության օպերատորների գործունեությունը,

  • Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված միջազգային կազմակերպությունների ծրագրերը,

  • կիբերհանցագործություններն ու դրանց հիմնական տեսակները։

«Վերջին տարիներին ահռելիորեն աճել է շարժական ինտերնետ հասանելիությունը, սակայն չկան լուծումներ՝ երեխաներին և երիտասարդներին համացանցում պաշտպանելու համար: Սա գլոբալ խնդիր է, որը պահանջում է գլոբալ արձագանք հասարակության բոլոր հատվածներից՝ պետական և մասնավոր կառույցներից, հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողներից, ծնողներից, մանկավարժներից և իհարկե երեխաներից»,- նշել է ՀՕՄ վարչության նախագահ Արմեն Մուրադյանը, լուծումներ մշակելու տեսանկյունից կարևորելով նմանատիպ հանդիպումները։

ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր խոսքում նշել է․«2022-ին աշխարհի բնակչության 66.2%-ն է օգտվում համացանցից։ Ու թեև համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է՝ 18 տարեկանից փոքր, սակայն աշխարհի երեխաների մեկ երրորդը՝ շուրջ 346 միլիոնը, համացանցից դեռ չի օգտվում։ Պատկերը փոխելու նպատակով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ իրականացնում ենք «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագիրը։ Ձգտում ենք ավելի նշանակալի արդյունքների»։