Հայտարարություններ
Ապահովելով Հասանելիություն Բոլորին. Երեվանում Կանցկացվի Կապի Եվրոպական Գագաթնաժողով 2023֊ը (10.05.2023)

Հունիսի 6֊7֊ը Երևանում տեղի կունենա 2023թ. Կապի եվրոպական գագաթնաժողովը, որն  այս տարի անցկացվում է «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո։


Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: 


Ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար: Երբ համայնքը միավորվում է կառուցելու սեփական ցանցը, համայնքային ցանցերը դիտարկվում են որպես ինտերնետ հասանելիություն ապահովելու այլընտրանքային մոտեցումներ։ Նմանատիպ ցանցերը շահույթ չեն հետապնդում, սակայն հիանալի միջոց են ողջ աշխարհում նվազեցնելու առանց ինտերնետ հասանելիության համայնքների թիվը: Միևնույն ժամանակ սրանք կարող են օգնել կամրջել թվային անջրպետը և նպաստել մի շարք ոլորտների, այդ թվում` բիզնեսի,  կրթության և տուրիզմի զարգացմանը։


Միջոցառումը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղության վրա.


  • Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,

  • Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,

  • Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։

Մանրամասները միջոցառման նախնական օրակարգում են:

Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:


Հայաստանում այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։ Նշենք որ 2022թ. Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ Համայնքային ցանցեր ծրագրի միջոցով Արարատի մարզի Շաղափ համայնքն ապահովվեց լայնաշերտ օպտիկական ինտերնետ հասանելիությամբ։


Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։


Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :